Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական տեղեկագրում:
«Պահպանվում է Բաքվի և Ստեփանակերտի հետ շարունակական փոխգործակցությունը՝ ուղղված արյունահեղության կանխմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության նկատմամբ մարդասիրական իրավունքի նորմերի պահպանմանը։
Մարտակերտի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է Ադրբեջանի ԶՈՒ մեկ զինծառայող։
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը, համագործակցելով ադրբեջանական կողմի և Ղարաբաղի ներկայացուցիչների հետ, փաստի առթիվ քննություն է տանում:
Ի կատարումն ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների՝ Ղարաբաղի զինված կազմավորումների կողմից շարունակվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի հանձնումը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Սեպտեմբերի 23-ի դրությամբ հանձնվել է 6 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 800 միավոր հրաձգային զենք, հակատանկային միջոցներ, շուրջ 22 հազար զինամթերք:
Ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման վայրում շարունակում է մնալ 810 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 436 երեխա։ Կազմակերպվել է նրանց տեղավորումը, սնունդը և բժշկական օգնության տրամադրումը»,- ասված է տեղեկագրում: