Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բազմաթիվ ահասարսուռ հաղորդումներ է ստանում քաղաքացիական բնակչության դեմ ակտիվորեն իրականացվող ադրբեջանական տեղեկատվական ահաբեկչության վերաբերյալ:
«Ադրբեջանական տելեգրամյան ալիքները խրախուսում են Արցախում անհետ կորած մարդկանց գտնել, սպանել, խոշտանգել և բռնաբարել՝ անգամ դրա դիմաց գումար առաջարկելով: Անհետ կորածների հարազատներից շատերը, ովքեր արդեն գտնվում են հոգեբանական խոցելի վիճակում, ահազանգում են, որ Ադրբեջանն ահաբեկում է իրենց և սպառնում զանգերով ու տեքստային հաղորդագրություններով:
Սա հայատյացության և էթնիկ ատելության ևս մեկ դրսևորում է, որը միայն ապացուցում է, որ քաղաքացիական բնակչությունն անվտանգության որևէ երաշխիք չի ունենա, եթե այն հանձնվի Ադրբեջանի վերահսկողությանը»,- նշված է ԼՂ ՄԻՊ գրասենյակի X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում: