Թուրքիայի ԱԳ փոխնախարար Բուրաք Աքչափարը Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց, որ ԼՂ-ում Ադրբեջանի կողմից ձեռնարկված «հակաահաբեկչական գործողությունն» ավարտված է, սկսվել են բանակցություններ:
«3 տարի է` Թուրքիան բազմիցս ընդգծել է, որ պատմական հնարավորություն կա վերջապես համապարփակ և տևական խաղաղության հասնելու Հարավային Կովկասում: Բոլոր երրորդ կողմերին, միջազգային սուբյեկտներին կոչ ենք արել այս հնարավորությունն օգտագործել և տևական լուծում գտնել տարածաշրջանում շարունակվող հակամարտությանը, այս մոտեցմամբ շարունակել ենք ամբողջովին սատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին` սկզբից ի վեր, կարգավորման գործընթաց ենք նախաձեռնել Հայաստանի` մեր հարևան երկրի հետ, ողջունել ենք, աջակցել բոլոր այն ջանքերին, որոնք միտված են եղել մեր երկու հարևանների միջև խաղաղության հաստատմանը, մասնավորապես` խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրմամբ կպահպանվեն ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները` այդ պայմանագրի ստորագրումը շատ կարևոր է գործընթացի հաջողության համար, սակայն վերջին երեք տարիներին ականատես ենք եղել, որ հայկական կողմը հակված չէ եռակողմ հայտարարությունը լիակողմ կատարել, բացի դրանից, Ստեփանակերտում անօրինական կառույցը շարունակել է գործել և անջատողական գործունեություն ծավալել, անօրինական ռազմական խմբավորումները ԼՂ-ում շարունակել են զինված հարձակումներ կատարել, ծանր և այլ ռազմատեխնիկա է մնացել տարածաշրջանում, ականների արյունահեղ պատերազմ է մղվել»,- հայտարարեց նա:
Թուրքիայի ԱԳ փոխնախարարը նշեց, թե իբր «Ադրբեջանը բազմիցս քայլեր է ձեռնարկել այդ հարցերը Հայաստանի հետ երկխոսությամբ լուծելու ուղղությամբ, այդ թվում` նաև Ղարաբաղի հայության ներկայացուցիչների, սակայն մյուս կողմը համագործակցող վերաբերմունք չի դրսևորել»:
Թուրքիայի ԱԳ փոխնախարարը հայկական կողմին մեղադրել է Ադրբեջանի «մարդասիրական նախաձեռնությունները» մերժելու և տարածաշրջանում իրավիճակի մասին կեղծ լուրեր տարածելու համար։
«Այսպես չի կարելի գնալ խաղաղության և հաշտեցման, բանակցությունների սեղանին պետք է մոտենալ անկեղծ մտադրությամբ, հաշտության հասնելու կամքով և գործընթացը շարունակել բարեխղճորեն: Ադրբեջանին այլ տարբերակ չէր մնացել, նա պետք է իր կողմից անհրաժեշտ քայլերը ձեռնարկեր իր անվտանգության և կայունության համար»,- ասաց նա: