Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակին:
Վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Մինչ Կառավարության նիստի օրակարգին անդրադառնալը, ուզում եմ խոսել Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակի մասին: Իհարկե պետք է արձանագրել, որ իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը շարունակվում է:
Մենք մշտական կապի մեջ ենք Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ և այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք այնուամենայնիվ արձանագրել, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան: Դա Լեռնային Ղարաբաղի մեր մի շարք գործընկերների գնահատականն է, որը մենք նաև, ինչ-որ առումով, կիսում ենք:
Ինչի՞ մասին է խոսքը, կամ ի՞նչ նկատի ունենք, երբ ասում ենք, որ դրական զարգացումների հույսեր կան: Նկատի է առնվում, որ Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի բնակիչները, մեր հայրենակիցները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ: Բայց նաև ուզում եմ հետևյալն ասել. մենք արձանագրում ենք, որ իրավիճակը դինամիկ է և փոփոխական, այսինքն՝ տեղեկությունը, որ ունենք այս պահին, կես ժամից կարող է փոխվել:
Բայց շատ կարևոր է, որ ամեն պահի ունենանք ճշգրտված տեղեկություն այդ պահի մասին և նաև որոշակի պատկերացումներ՝ դինամիկայի մասին: Նաև որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ: Չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն Լեռնային Ղարաբաղ:
Հիմա ես ուղղակի ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետև կան որոշակի պայմանավորվածություններ, այս պահին դրանց իրագործումը պետք է մեկնարկի: Կմեկնարկի՞, թե՞ ոչ՝ ես դա չեմ կարող ասել, բայց որ կան որոշակի պայմանավորվածություններ, հստակ է: Նորից խնդրում եմ հաշվի առնել և՛ մեր հայրենակիցներին, և՛ Կառավարության անդամներին, որ խոսքը դինամիկ գործընթացի մասին է: Նաև ուզում եմ ևս մեկ անգամ պարզաբանել մեր դիրքորոշումը՝ կապված Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների Հայաստանի Հանրապետություն հնարավոր տեղափոխման հետ:
Մենք գնահատում ենք, որ սա տեղի կունենա և կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների՝ Լեռնային Ղարաբաղում մնալու անհնարինությունը, այսինքն՝ այս իրավիճակը շարունակվի: Այո՛, մենք գնահատում ենք, որ այս պահին կա այդ անհնարինությունը, առկա է: Այսինքն՝ եթե իրավիճակը չբարելավվի, այդ խնդիրը, իհարկե, բոլորիս օրակարգում կլինի, բայց նաև ուզում եմ մեր հանրությանը տեղեկացնել, որ դեռևս սեպտեմբերի 19-ին, այսինքն՝ գործողությունների մեկնարկի օրը, ես հանձնարարական եմ տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի Կառավարության գործընկերների հետ քննարկի դեպի Հայաստանի Հանրապետություն մարդկանց հնարավոր հոսքի դեպքում՝ թե ինչպես, ինչով, որտեղ ենք աջակցելու մեր հայրենակիցներին:
Ես երեկ իմ եթերում նույնպես խոսեցի այդ մասին. ավելի քան 40 հազար տեղ նախապատրաստվել է: Նաև խոսքը կեցության վայրերի մասին է, ինչպես նաև զուգահեռ առողջապահական, սննդի և այլն: Այսինքն՝ այդ առումով կարող ենք արձանագրել, որ պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել, բայց նորից ուզում եմ ասել, որ, ըստ էության, սա համաձայնեցված դիրքորոշում է Լեռնային Ղարաբաղի գործընկերների հետ:
Սա էլ է կարևոր հանգամանք, որ մեր պլան «ա»-ն Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցներին դուրս բերելը մեր պլան «ա»-ն չէ, մենք մեր գործողություններում ամեն ինչ պիտի անենք, որպեսզի մեր հայրենակիցները, Լեռնային Ղարաբաղի բնակիչներն իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան: Եվ, ըստ էության, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած առանցքային շեշտադրումը, որի շուրջ գործնականում կար կոնսենսուս, հենց սրա մասին էր, և այս տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվենք:
Հարգելի՛ գործընկերներ, սիրելի՛ ժողովուրդ, իհարկե, մյուս կողմից չեմ էլ կարող չնկատել, որ պետք է արձանագրել, որ տեղեկատվական դաշտում Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում: Եվ այս առումով կարծում եմ, որ մենք առավել ուշադիր պետք է լինենք և հանրության հետ մեր հաղորդակցությունն առավել ակտիվ պետք է պահենք: Եվ շատ կարևոր է պահել պաշտոնական տեղեկատվության վստահելիությունը, այսինքն՝ մենք ինչ ասում ենք, պետք է մի քանի անգամ չափենք, ստուգենք, վերստուգենք, հետո նոր հրապարակենք:
Բայց մյուս կողմից, օրինակ՝ երեկ ես խոսեցի քաղաքացիական բնակչության կյանքի սպառնալիքի վերաբերյալ: Երեկ երեկոյան իմ գնահատականն այն էր, և այսօր էլ այդ գնահատականը մի փոքր, շատ քիչ, ավելի դրական իմաստով բարելավվել է, որ ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա: Բայց նորից եմ ասում՝ պետք է արձանագրել, որ իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահի կարող է փոխվել, չնայած, նորից եմ ասում, ես այս հայտարարությունը չէի անի, եթե դինամիկայի մեջ էլ չտեսնեի որոշակի միտումներ, որոնք նման հայտարարություն անելու հնարավորություն են տալիս:
Բայց նորից եմ ասում՝ իրադրությունը փոփոխական է, չեմ կարող ասել, որ կայուն է, և առանձին դեպքերում, երբ խոսվում է քաղաքացիական բնակչության մասին, դա չի վերաբերում նրան, որ որևէ տեղում որևէ միջադեպ չի կարող տեղի ունենալ: Խոսքը, ընդհանուր առմամբ, իրադրության և գնահատականի մասին է: Եվ մենք պետք է շարունակենք մեր ակտիվ համագործակցությունը նաև մեր լրատվական դաշտի հետ, որպեսզի մարդիկ ճիշտ տեղեկատվություն ստանան, որովհետև այս էմոցիոնալ իրավիճակում ցանկացած նեգատիվ տեղեկատվություն կարող է նեգատիվ ազդեցություն ունենալ իրադրության և որոշումների կայացման վրա՝ ընդ որում, և դրա համար շատ կարևոր է, որ մենք իրադրությունը գնահատենք ճշտված լուրերի հիման վրա:
Կրկնում եմ ևս մեկ անգամ՝ Հայաստանի Հանրապետությունն իրադրության առաջացման առաջին օրից պատրաստվել է: Մենք գիտակցել ենք, մեզ հաշվի ենք տվել, որ կարող է լինել այդպիսի իրավիճակ: Երբ ասում ենք՝ պատրաստվել ենք, պատրաստվել ենք մեր կարողությունների և տրամաբանությանը համապատասխան, և կարող ենք ավելին էլ անել, ոչ մի բան չենք խնայի դրա համար: Բայց, նորից եմ ասում, երեկվա իմ եթերում ես հարցադրումներին անդրադարձել եմ, և, ըստ էության, երեկվա իմ բոլոր ասածներն այսօր կարող եմ վերահաստատել, որովհետև այսօր առավոտյան ունեցած քննարկումները, ստացած տեղեկությունները հույս են տալիս, որ իրոք կարող ենք ունենալ դրական դինամիկա:
Օրվա ընթացքում կհետևենք տեղեկատվությանը, կարծում եմ՝ ես օրվա վերջում՝ գուցե նորից, ըստ անհրաժեշտության, կարող եմ եթեր մտնել և հանրությանը տեղեկացնել՝ առավոտվա գնահատականները երեկոյան դրությամբ փոխվե՞լ են, թե՞ չեն փոխվել, եթե փոխվել են, ի՞նչ տրամաբանությամբ են փոխվել և ինչպե՞ս»: