Պետք է արձանագրել, որ տեղեկատվական դաշտում ՀՀ-ի դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում, և այս առումով կարծում եմ, որ մենք առավել ուշադիր պետք է լինենք, և հանրության հետ մեր հաղորդակցությունը առավել ակտիվ պետք է պահենք: Այդ մասին Կառավարության՝ սեպտեմբերի 22-ի նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում սեպտեմբերի 19-ի՝ Ադրբեջանի ագրեսիայից հետո ՀՀ-ում ստեղծված ներքաղաքական իրավիճակին:
«Պետք է արձանագրել, որ տեղեկատվական դաշտում Հայաստանի Հանրապետության դեմ հիբրիդային պատերազմ է տեղի ունենում: Եվ այս առումով, կարծում եմ, որ մենք առավել ուշադիր պետք է լինենք և հանրության հետ մեր հաղորդակցությունն առավել ակտիվ պետք է պահենք: Եվ շատ կարևոր է պահել պաշտոնական տեղեկատվության վստահելիությունը, այսինքն՝ մենք ինչ ասում ենք, պետք է մի քանի անգամ չափենք, ստուգենք, վերստուգենք, հետո նոր հրապարակենք»,- ասաց վարչապետը:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ երեկվա համեմատությամբ այսօր իր գնահատականը՝ ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված, դրական իմաստով բարելավվել է, այն է՝ ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչությանը չկա:
«Բայց մյուս կողմից, օրինակ՝ երեկ ես խոսեցի քաղաքացիական բնակչության կյանքի սպառնալիքի վերաբերյալ: Երեկ երեկոյան իմ գնահատականն այն էր, և այսօր էլ այդ գնահատականը մի փոքր, շատ քիչ, ավելի դրական իմաստով բարելավվել է, որ ուղիղ սպառնալիք քաղաքացիական բնակչության կյանքին այս պահին չկա: Բայց նորից եմ ասում՝ պետք է արձանագրել, որ իրադրությունը դինամիկ է և ցանկացած պահի կարող է փոխվել, չնայած, նորից եմ ասում, ես այս հայտարարությունը չէի անի, եթե դինամիկայի մեջ էլ չտեսնեի որոշակի միտումներ, որոնք նման հայտարարություն անելու հնարավորություն են տալիս:
Բայց, նորից եմ ասում՝ իրադրությունը փոփոխական է, չեմ կարող ասել, որ կայուն է, և առանձին դեպքերում, երբ խոսվում է քաղաքացիական բնակչության մասին, դա չի վերաբերում նրան, որ որևէ տեղում որևէ միջադեպ չի կարող տեղի ունենալ: Խոսքը, ընդհանուր առմամբ, իրադրության և գնահատականի մասին է: Եվ մենք պետք է շարունակենք մեր ակտիվ համագործակցությունը նաև մեր լրատվական դաշտի հետ, որպեսզի մարդիկ ճիշտ տեղեկատվություն ստանան, որովհետև այս էմոցիոնալ իրավիճակում ցանկացած նեգատիվ տեղեկատվություն կարող է նեգատիվ ազդեցություն ունենալ իրադրության և որոշումների կայացման վրա՝ ընդ որում, և դրա համար շատ կարևոր է, որ մենք իրադրությունը գնահատենք ճշտված լուրերի հիման վրա»,- ընդգծեց վարչապետը և տեղեկացրեց, որ անհրաժեշտության դեպքում եթեր կմտնի և կներկայացնի իրադրությունը: