Եվրոպական հանձնաժողովը 500 հազար եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ «Հազարավոր մարդիկ, բռնությունից փախչելով, այժմ տեղահանված են և օգնության կարիք ունեն: ԵՄ մարդասիրական աջակցությունը դրամական օգնության միջոցով կօգնի տուժածներին հոգալ իրենց հիմնական կարիքները՝ միաժամանակ տրամադրելով ապաստան և հոգեբանական ու սոցիալական աջակցություն: Արտահերթ ֆինանսավորումը տրամադրվում է ի լրումն 1,17 միլիոն եվրոյի մարդասիրական օգնությանը, որը ԵՄ-ն հատկացրել էր այս տարվա սկզբին Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը հաղթահարելու նպատակով: Կառույցի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ ԵՄ-ն սերտ կապի մեջ է տեղում հումանիտար աշխատանք կատարող իր գործընկերների հետ և պատրաստ է լուծելու առաջացող մարդասիրական կարիքները հետագա էսկալացիայի դեպքում։ 2020 թ․ 44-օրյա պատերազմից ի վեր ԵՄ-ն ավելի քան 21 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել Հայաստանում և Ադրբեջանում մարդասիրական գործողություններին։
Միջազգային այլ նորությունները՝ տեսաշարում: