ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ ԼՂ-ում հումանիտար և ռազմաքաղաքական իրավիճակին: Նա նշեց` իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, հումանիտար ճգնաժամը շարունակվում է:
«Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ գործընկերների հետ, այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, որ դրական տեղաշարժի իրադրության որոշակի հույսեր կան: Ինչ նկատի ունենք. նկատի է առնվում, որ ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ, բայց նաև ուզում եմ հետևյալը ասել. մենք արձանագրում ենք` իրավիճակը դինամիկ և փոփոխական է, այս պահին ունեցած տեղեկությունը կարող է կես ժամից փոխվել, բայց շատ կարևոր է, որ ամեն պահի ունենանք ճշտված տեղեկություն այդ պահի մասին, նաև որոշակի պատկերացումներ դինամիկայի մասին:
Որոշակի հույսեր կան հումանիտար իրադրության բարելավման վերաբերյալ, չի բացառվում, որ այսօր հումանիտար աջակցության ավելի մեծ խմբաքանակներ մտնեն ԼՂ: Հիմա ես ուղղակի ավելի մանրամասն չեմ կարող ասել, որովհետև կան որոշակի պայմանավորվածություններ, որոնց իրագործումը էս պահին պետք է մեկնարկի: Կմեկնարկի՞, թե՞ ոչ` չեմ կարող ասել, բայց որ կան որոշակի պայմանավորվածություններ, դա հստակ է»,- ասաց նա: