ՄԱԿ-ում Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Էֆրեն Մոնտալվո Սոսան Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ելույթի ժամանակ ասաց, որ իր երկիրն ի գիտություն է ընդունում իրավիճակի վերաբերյալ ՀՀ-ի և Ադրբեջանի նամակները, որոնք ուղարկվել են ԱԽ-ին:
«Սեպտեմբերի 19-ի գործողությունները պետք է դատապարտվեն: Դրանց հետևանքով տասնյակ քաղաքացիական անձինք են զոհվել: Հազարավոր մարդիկ հարկադրված են եղել լքել իրենց տները: Չի կարող արդարացվել միջազգային մարդասիրական իրավունքի և միջազգային իրավունքի խախտմամբ ռազմական ուժի կիրառումը:
Այս գործողությունները հակասում են ժամանակավոր այն միջոցներին, որոնք Արդարադատության միջազգային դատարանը սահմանել է 2021թ. դեկտեմբերի 7-ին: Վերջերս հայտարարված հրադադարը պետք է ամբողջովին պահպանել տեղում: Այն պետք է ծառայի լարվածությունը թուլացնելու միջոց՝ նպատակ ունենալով ապահովել անհրաժեշտ պայմաններ և երաշխիքներ՝ տարածաշրջանի բնակիչների անվտանգության և իրավունքների երաշխիքների համար:
Նախկինում իմ պատվիրակությունը խորհրդի ուշադրությունը հրավիրել է Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատության հետ կապված խնդրին: Մենք հիշեցնում ենք մարդասիրական ծանր վիճակը և դրա հետևանքները՝ տարածաշրջանի անվտանգության համար: Նախկինի պես հույժ կարևոր է ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունն առանց խոչընդոտների, որպեսզի քաղաքացիական բնակչության համար իրավիճակը չվատթարանա:
Էկվադորը կողմերին կոչ է անում վերադառնալ երկխոսության և բանակցությունների և դա անել անշրջելիորեն, բոլոր հարթակներում, բոլոր նախաձեռնություններով և գործիքներով, որոնք հնարավոր կդարձնեն խաղաղ լուծումը՝ միջազգային իրավունքի նորմերի հարգմամբ և ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն:
Ցանկացած համաձայնություն պետք է ապահովի անհրաժեշտ երաշխիքներ այս տարածաշրջանում ապրող անձանց համար՝ լիովին հարգելով մարդու իրավունքները: Էկվադորը խորհրդին կոչ է անում ապահովել երկխոսության գործընթացի արդյունքում կողմերի միջև դիվանագիտական լուծման կայացումը»,- ասաց Էկվադորի ներկայացուցիչը: