Իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում խմբի կողմից բռնությամբ մեկ քաղաքացուց հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում են ՔԿ-ից:
2023 թ. սեպտեմբերի 22-ին Ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, անհայտ անձիք՝ թվով 3 հոգի, իրեն անսպասելի բռնության են ենթարկել՝ անկանոն հարվածներ հասցնելով դեմքին ու մարմնի տարբեր հատվածներին:
Հետո նրանից մեկը, օգտվելով իր անօգնական, ընկած վիճակից, պոկելով հափշտակել է ուսին գցված պայուսակը, ինչից հետո խումբը դիմել է փախուստի:
Նախնական տեղեկությամբ՝ պայուսակի մեջ եղել են 5900 ԱՄՆ դոլարին համարժեք գումար, 2002 թվականին ՀՀ վարչապետի կողմից պարգևատրված «Մակարով» տեսակի ատրճանակ, 3 հատ՝ տարբեր մոդելների բջջային հեռախոս և Ա. Հ.-ի անձնագիրը:
Հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ , 338-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետերով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում Ա.Հ-ն ճանաչվել է տուժող:
Վերջինս վարույթն իրականացնող մարմին հայտնել է, որ առերևույթ հանցագործություն կատարած անձանց դեմքերը չի տեսել, քանի որ վերջիններս եղել են կապիշինով գլխարկներով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է Ա.Հ.-ի պայուսակի գոտին, քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ իրեր և առարկաներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախաքննությունը շարունակվում է: Ոստիկանության Մալաթիայի բաժնի աշխատակիցներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու, առերևույթ հանցագործություն կատարված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ: