Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:
Օրինագծերի նպատակն է բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը՝ նվազեցնելով դրա վրա ծախսվող ռեսուրսները։ Նախագծերի ընդունմամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար, ինչպես նաև կկարգավորվեն ընդհանուր վարութային հարցեր: Օրենքով սահմանված էլեկտրոնային եղանակով վարույթների իրականացման դրույթները կտարածվեն հարկային մարմնի քննությանը ենթակա բոլոր գործերի նկատմամբ, իսկ օրենքի ուժի մեջ մտնելու դրույթի խմբագրման արդյունքում մինչև էլեկտրոնային համակարգի ներդրումը, ինչպես նաև էլեկտրոնային համակարգի տեխնիկական շահագործման անհնարինության դեպքերում՝ վարչական վարույթներն կիրականացվեն թղթային եղանակով, ինչի արդյունքում կկարգավորվի, ի թիվս այլ հարցերի, օրենքով սահմանված հարկ վճարողի պաշտոնատար անձանց վարչական իրավախախտման վարույթների շրջանակում անձնական գրասենյակի միջոցով ծանուցելու հետ կապված հարաբերությունները։