ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ սեպտեմբերի 22-ի նիստին անդրադարձավ մեր հայրենակիցների ՀՀ հնարավոր տեղափոխմանը:
«Մենք գնահատում ենք, որ սա տեղի կունենա և կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ արձանագրվի մեր հայրենակիցների՝ ԼՂ-ում մնալու անհնարինությունը, այսինքն՝ այս իրավիճակը շարունակվի: Այո՛, մենք գնահատում ենք, որ այս պահին կա այդ անհնարինությունը, այսինքն՝ եթե իրավիճակը չբարելավվի, այդ խնդիրը, իհարկե, բոլորիս օրակարգում կլինի:
Բայց նաև ուզում եմ մեր հանրությանը տեղեկացնել, որ դեռևս սեպտեմբերի 19-ին, այսինքն՝ գործողությունների մեկնարկի օրը, ես հանձնարարական եմ տվել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, որպեսզի Կառավարության գործընկերների հետ քննարկի մարդկանց հնարավոր հոսքի դեպքում դեպի ՀՀ՝ թե ինչպե՛ս, ինչո՛վ, որտե՛ղ ենք աջակցելու մեր հայրենակիցներին»,- ասաց նա, ապա հավելեց, որ ավելի քան 40 հազար տեղ նախապատրաստվել է, խոսքը կեցության վայրերի մասին է, ինչպես նաև առողջապահական ծառայությունների, սննդի և այլն:
«Այսինքն՝ այդ առումով կարող ենք արձանագրել, որ մենք պատրաստ ենք և շարունակում ենք պատրաստվել»,- ասաց նա, ապա հավելեց, որ սա համաձայնեցված դիրքորոշում է ԼՂ գործընկերների հետ:
«Մեր պլան Ա-ն ԼՂ-ն հայաթափելը չէ, այսինքն՝ ԼՂ-ի մեր հայրենակիցներին դուրս բերելը մեր պլան Ա-ն չէ: Մենք մեր գործողություններում ամեն ինչ պիտի անենք, որպեսզի մեր հայրենակիցները՝ ԼՂ բնակիչները, իրենց տներում առանց վախի, արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենան: Եվ, ըստ էության, ՄԱԿ-ի ԱԽ-ում տեղի ունեցած քննարկման առանցքային շեշտադրումը, որի շուրջ գործնականում կար կոնսենսուս, հենց սրա մասին էր, և այս տրամաբանությամբ էլ պետք է առաջնորդվենք»,- ասաց նա: