Կանանց Հայաստանի ազգային հավաքականը չի կարողացել մեկնել Իսրայել՝ մասնակցելու սեպտեմբերի 21-ին Իսրայելի Ռիշոն լե Ցիոն քաղաքում կայանալիք ՈՒԵՖԱ Կանանց Ազգերի լիգայի Իսրայել-Հայաստան հանդիպմանը: Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, պատճառը սեպտեմբերի 20-ին նախատեսված ինքնաթիռային մի շարք չվերթերի չեղարկումն է:
ՀՖՖ-ն տեղյակ է պահել ՈՒԵՖԱ-ին, որ հաջորդ չվերթը, որով կանանց Հայաստանի ազգային հավաքականը կարող էր մեկնել մրցավայր, նախատեսված է հանդիպման օրը, ինչը հնարավորություն չէր տա մեր թիմին պատշաճ կերպով պատրաստվել հանդիպմանը:
Իր հերթին, Իսրայելի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացրել էր ՈՒԵՖԱ-ին, որ, հաշվի առնելով Էստոնիայի հավաքականի հետ իրենց հաջորդ հանդիպման անցկացման ժամկետը, Իսրայել-Հայաստան հանդիպումը չի կարող տեղի ունենալ սեպտեմբերի 22-ին:
Նկատի ունենալով վերոնշյալ բոլոր հանգամանքները՝ ՈՒԵՖԱ-ն կայացրել է Իսրայել-Հայաստան հանդիպումը հետաձգելու որոշում:
Ավելացնենք, որ Իսրայել-Հայաստան հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին, իսկ նախապես նոյեմբերի 30-ին նշանակված Հայաստան-Իսրայել հանդիպումը կկայանա նոյեմբերի 29-ին: