ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում հրապարակել է ՌԴ պաշտպանության նախարարության տեսանյութը, որում ռուս խաղաղապահները տարհանում են Լեռնային Ղարաբաղի հայերին:
«Այս մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները և տարհանվել են ռուս խաղաղապահների կողմից՝ առանց իրենց տարրական իրերի: Այսօր սպասվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հրատապ նիստ։ Այս մարդկանց պաշտպանելու, իրենց տներում ապրելու հիմնարար իրավունքը վերականգնելու վերաբերյալ որևէ որոշում կկայացվի, թե՞ ոչ: Դա առաջին հերթին կախված է Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից և ՄԱԿ-ի ԱԽ մյուս անդամներից:
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի տարբեր շրջաններից տարհանել են 5 հազար մարդու Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում, որի նպատակն էր այդ տարածքում էթնիկ զտումներ իրականացնելը»,- գրել է Մարուքյանը: