Ռուսաստանի նախագահի խոսնակն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Դմիտրի Պեսկովը նշել է՝ Մոսկվան ակնկալում է, որ տարածաշրջանում տևական հրադադար կհաստատվի: Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները բոլոր ջանքերը գործադրել են, որ օգնեն Լեռնային Ղարաբաղի բնակիչներին՝ հեռանալ վտանգավոր շրջաններից:
«Հուսով ենք՝ այժմ պայմաններ կստեղծվեն, որ տարհանվածները վերադառնան իրենց բնակության վայրեր»,- ասել է Պեսկովը։
Նա նշել է, որ տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին դեռ հստակություն չկա, առաջիկայում այդ հարցով երեք երկրի փոխվարչապետների մակարդակով հանդիպում ևս նախատեսված չէ:
Պեսկովը նաև մեկնաբանել է սեպտեմբերի 20-ին Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների սպանությանը, նշել՝ հետաքննություն է ընթանում, տեղի ունեցածի հանգամանքները պարզվում են։
«Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ալիևը ներողություն է խնդրել կատարվածի համար: Տեղեկություններ կան, որ ադրբեջանական կողմը որոշ մարդկանց ազատել է պաշտոնից: Կան ձերբակալվածներ»,- տեղեկացրել է Կրեմլի խոսնակը։
Դմիտրի Պեսկովը խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հեռանկարի մասին: «Կան բոլոր նախադրյալները, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրվի: Չնայած դեռ տեխնիկական շատ հարցեր կան, սակայն բարի կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի մոտենալ եզրագծին»,- կարծիք է հայտնել Պեսկովը:
Նա հավելել է՝ հստակ ժամկետներ ոչ ոք ասել չի կարող: «Սակայն հաշվի առնելով, որ Ղարաբաղի պատկանելիության հիմնական հարցը՝ որպես այդպիսին, լուծված է, կարելի է ասել, որ էական առաջընթացն ապահովված է»,- շեշտել է ՌԴ նախագահի խոսնակը։