Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հեռախոսազրույցը:
«Իլհամ Ալիևը ներողություն է խնդրել և խորին ցավակցություն հայտնել սեպտեմբերի 20-ին Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողների ողբերգական մահվան կապակցությամբ: Ընդգծվել է, որ տեղի ունեցածի առավել մանրակրկիտ հետաքննություն կանցկացվի, և բոլոր մեղավորները պատշաճ պատիժ կկրեն: Այդ կապակցությամբ երկու երկրների գլխավոր դատախազությունները սերտ կապի մեջ են։ Ադրբեջանի նախագահը նաև պատրաստակամություն է հայտնել նյութական օգնություն ցուցաբերել զոհվածների ընտանիքներին»,- նշված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:
Կողմերը կարևորել են ռուս խաղաղապահների միջնորդությամբ Բաքվի և Ստեփանակերտի ներկայացուցիչների միջև սկսված բանակցությունները։
«Քննարկվել են տարածաշրջանում իրավիճակի հետագա կայունացման և հումանիտար խնդիրների հաղթահարմանն ուղղված առաջնահերթ քայլերը: Վլադիմիր Պուտինը շեշտել է Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությունը։ Հաստատվել է ադրբեջանական կողմի պատրաստակամությունը՝ այդ հարցերի շուրջ փոխգործակցել ռուս խաղաղապահների հետ»,- հայտնել են Կրեմլից։