ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկումը վկայում է, որ վերջին շրջանում հանրային խոսույթում հատկապես արտահայտված է տարբեր հիմքերով անձանց թիրախավորող, ատելություն հրահրող արտահայտությունների օգտագործումը, այդ թվում՝ հասարակական և քաղաքական գործիչների, զանգվածային լրատվության միջոցների կողմից։ Այդ մասին հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
«Այս օրերին հատկապես նկատելի է հանրային խոսքում ծննդավայրի կամ բնակության վայրի հիմքով հայերի տարանջատումը, այդ հիմքով անձանց խմբերի նկատմամբ անհանդուրժողականության քարոզչությունը։ Պաշտպանն ընդգծում է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից և կոչ է անում զերծ մնալ ատելություն, անհանդուրժողականություն կամ բռնություն քարոզող արտահայտությունների կիրառումից։ Առանցքային է, որ պաշտոնատար անձինք, հասարակական և քաղաքական գործիչներն ու զանգվածային լրատվության միջոցները պատասխանատվությամբ մոտենան իրենց կողմից հնչեցվող հանրային խոսքին և ոչ միայն չտարածեն ատելության խոսք, այլ նաև հակազդեն նման խոսքին։ Հանրային համերաշխությունը կարող է ապահովվել միայն այլոց նկատմամբ հանդուրժողական, նրբանկատ և զգայուն վերաբերմունքի ու հարգալից երկխոսության միջոցով։ Իսկ այս պահին առավել, քան երբևէ, նման համերաշխ միջավայրի կարիք ունենք»,- նշված է հաղորդագրության մեջ: