ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձավ այն տեղեկատվությանը, թե Հայաստանի Հանրապետությունը արգելել կամ փակել է մուտքը, որպեսզի տեղափոխվելու ցանկություն ունեցող ԼՂ քաղաքացիները չգան Հայաստան:
«Լաչինի միջանցքը 10 ամիս փակ է: Այդ ողջ ընթացքում, այս պահին էլ Լաչինի միջանցք տանող հայաստանյան ճանապարհները ոչ մի րոպե փակ չեն եղել և շարունակում են փակ չլինել: Սա շատ կարևոր արձանագրում է: Այսինքն՝ այսպիսի թեմա չի եղել:
Ավելին ասեմ՝ դեռ այս շաբաթվա մեկնարկին ես հանձնարարական եմ տվել, որպեսզի աշխատանքային խումբ ձևավորվի ԼՂ-ից տեղահանված անձանց, փախստականների հնարավոր խմբերին դիմավորելու, նրանց տեղավորելու, նրանց կեցության և կենցաղային պայմաններն ապահովելու համար»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ տարբեր սցենարներ են քննարկվել, ընդհուպ հյուրանոցների համարներ են ամրագրվել, մի քանի տասնյակ հազար մարդու համար կեցավայրեր են պատրաստվել:
«Մյուս կողմից, հարգելի՛ հայրենակիցներ, ես այս թեմայով ուզում եմ ձեզ հետ շատ բաց ու ազնիվ խոսել: Նախորդ շրջանի իմ ելույթներում Ադրբեջանին մեղադրել եմ այն բանի համար, որ նրանք ԼՂ-ն էթնիկ զտումների են ուզում ենթարկել: Այսինքն՝ երկար ժամանակ է՝ այս մեղադրանքով ենք մենք հանդես գալիս Ադրբեջանի դեմ: Եվ հիմա, երբ որ վերլուծում եմ իրավիճակը, հազար ներողություն եմ խնդրում, բայց այնպիսի տպավորություն եմ ստանում, որ ուժեր կան, որոնք ուզում են ԼՂ-ն էթնիկ զտումների ենթարկելու Ադրբեջանի պլանն իրականացնել այնպես, որ Ադրբեջանը մեղադրվելու առիթ չունենա: Այսինքն՝ ասի, որ այ, տեսե՛ք, Հայաստանը, ՀՀ-ն, Հայաստանի հանրությունը, ԼՂ հայությունն իրենք որոշեցին, որ ԼՂ-ում ոչ մի հայ չպետք է մնա, և որոշեցին ու դուրս եկան: Սա շատ վտանգավոր խոսույթ է:
Բայց, մյուս կողմից, իհարկե, ԼՂ-ի մեր հայրենակիցների անվտանգ տեղում գտնվելը և ապրելը մեր պարտականությունների մեջ է»,- ասաց նա:
Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ իրեն փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը զեկուցել է, որ հանրապետությունում 40 հազար ընտանիք տեղավորելու շուրջ նախապատրաստական աշխատանքներ են տարել:
«Ինչո՞ւ չենք ուզում սրա մասին ասել: Որովհետև մենք կարծում ենք, որ ԼՂ հայերը պետք է ապրեն իրենց տներում, իրենց հայրենիքում արժանապատիվ, անվտանգ պայմաններում: Հիմա այսօր՝ այս պահին, մեր գնահատականն այն է, որ ԼՂ քաղաքացիական բնակչությանն ուղիղ սպառնալիք չկա»,- ասաց նա:
1200-1300 երեխա գտնվում են ռուս խաղաղապահների կենտրոնակայանում, որոնց մասին հոգ է տարվում: Խնդիրը Լաչինի միջանցքի փակ լինելու մեջ է: