ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում որոշակի տեղեկություններ ներկայացրեց հանրությանը ԼՂ-ում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեղեկատվությունը որոշակի առումով սուղ է:
Անդրադառնալով ԼՂ-ում սեպտեմբերի 20-ին հաստատված հրադադարին ու դրանից հետո արձանագրված խախտումներին՝ նա ասաց. «Այն պահից, երբ հրադադարը հաստատվել է, գոնե մինչև այս պահը, մեր ունեցած տեղեկատվությամբ, ՊԲ ստորաբաժանումները շարունակում են մնալ այն տեղերում, որտեղ իրենք գտնվել են հրադադարի հաստատման պահին: Նույնը համապատասխանորեն վերաբերում է Ադրբեջանի ԶՈՒ-ին:
Մեր տեղեկություններով՝ այսօր, ցավոք, մի միջադեպ է տեղի ունեցել Ստեփանակերտի մոտակայքում: Ընդհանուր առմամբ հրադադարի ռեժիմը պահպանվում է: Իհարկե, տեղ-տեղ որոշակի խախտումներ նաև լինում են:
Ինչու եմ այս տեղեկատվությունը հատուկ շեշտում. որովհետև տեսա, որ տեղեկություններ կան, որ Ստեփանակերտում են ադրբեջանական զորքերը և այլն, և այդպես շարունակ: Այդպիսի բան չկա: Իհարկե, կան որոշակի կոմունիկացիայի դժվարություններ և բարդություններ:
Ինչքան տեղեկացել եմ ԼՂ մեր գործընկերներից, դեպի Մարտունի և Մարտակերտ տանող ճանապարհներին որոշակի խնդիրներ կան: Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը կայուն է»,- ասաց նա: