Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը
հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան հարվածի տակ է դնում կայունությունը ողջ Հարավային Կովկասում։
Ներկայացնելով Ադրբեջանի գործողությունների մանրամասները՝ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ բոլոր միջազգային գործընկերները, որոնք շահագրգռված են տարածաշրջանում կայունությամբ, պետք է հստակորեն դատապարտեն ագրեսիան, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով խնդիրները լուծելու ցանկացած փորձ և Ադրբեջանին վերադարձնեն կառուցողական դաշտ։
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի գործողությունները հերթական անգամ ցույց են տալիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդի էթնիկ զտումը կանխելու և տարածաշրջանում երկարատև խաղաղության համատեքստում ԼՂ ժողովրդի իրավունքների ու անվտանգության երաշխիքների ապահովման համար մեխանիզմներ ստեղծելու անհրաժեշտությունը։