Ռուսաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ունի հստակ պարտավորություններ Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու, և դրանք չի կատարում։ Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման շրջանակներում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Արձագանքելով մեղադրանքներին, թե իշխանությունը փչացրել է հայ-ռուսական հարաբերությունները` Գրիգորյանը նշել է, որ ՌԴ-ն Ադրբեջանի հետ վաղուց համագործակցում է, նրանք Ադրբեջանին սկսել են 5 միլիարդ դոլարի զենք վաճառել 2011 թվականից, և դա եղել է 12 տարիների ընթացքում։
«Ռուսաստանը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ունի հստակ պարտավորություններ Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու։ Կա նոյեմբերի 9-ի հայտարարություն և Ռուսաստանի նախագահի ստորագրություն։ Այսինքն՝ այդ ստորագրությունից կարևոր բան կա՞։ Կա նոյեմբերի 9-ի հայտարարություն, և Ռուսաստանի Դաշնության խաղաղապահները պարտավորություն ունեն Լեռնային Ղարաբաղը պաշտպանելու․ նրանք այդ պարտավորությունը չեն կատարում»,- ասել է նա:
Գրիգորյանն ընդգծել է՝ Ադրբեջանը լայնածավալ հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղ վրա, սակայն ՌԴ խաղաղապահները գործողություններ չեն իրականացնում, հայտարարություն են տարածում, թե մի քանի րոպե առաջ են իմացել:
«Իրականում սեպտեմբերի 4-ից սկսած միջազգային հանրությանը տեղյակ ենք պահել։ Գիտեք, որ վարչապետ Փաշինյանը նամակ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որտեղ իրավիճակը ամբողջությամբ նկարագրվել է։ Եվ նրանք ունեն պարտավորություն և դրանք պետք է դա կատարեն»,- ասել է ԱԽ քարտուղարը: