Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն ահազանգել է ԼՂ-ում Ադրբեջանի սկսած նոր լայնածավալ ագրեսիային:
«Փրկեք արցախահայերին, որոնք այս պահին ենթարկվում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցեղասպան ռեժիմի հարձակմանը։
Արցախի բնակիչներն այժմ բախվում են ոչ միայն սովի և առողջապահական արտակարգ իրավիճակի հետ՝ Ադրբեջանի կողմից 9-ամսյա պաշարումից հետո, այլև մահվան՝ օդային հարվածների, անօդաչու թռչող սարքերի հարվածների և քաղաքացիական բնակավայրերի զանգվածային գնդակոծությունների հետևանքով: Ադրբեջանի ռազմական հարձակումը տեղի ունեցավ մեկ օր անց այն բանից հետո, երբ 2023 թվականի հունիսի 15-ից ի վեր երկիրը վերջապես ստիպված եղավ թույլ տալ մարդասիրական օգնության առաջին առաքումը Լեռնային Ղարաբաղ:
Այս պահին չափազանց կարևոր է, որ ազդեցիկ առաջնորդներն ու պետությունները հանդես գան Ադրբեջանի դեմ և հստակ ցույց տան, որ հայերի դեմ ցանկացած հետագա ագրեսիա անթույլատրելի է, և այն կկանխվի բոլոր հասանելի տարբերակներով՝ ցեղասպանության կանխարգելման գործիքակազմի շրջանակներում: Դա չկատարելու դեպքում այդ առաջնորդներն ու պետությունները պատասխանատու կլինեն ցեղասպանության մեղսակցության համար:
Ադրբեջանին դիմակայելու անկարողությունը կարող է բերել նաև էսկալացիա, որն էլ կհանգեցնի ոչ միայն արցախահայության լիակատար ոչնչացման, այլև տարածաշրջանում ավելի լայն պատերազմի, քանի որ Ադրբեջանը և նրա դաշնակից Թուրքիան տարածքային հավակնություններ են հետապնդում Հայաստանի հարավում և Իրանի հյուսիսում:
Ցեղասպանության կանխարգելման հարցերով փորձագետները՝ Լեմկինի ինստիտուտում, ինչպես նաև Genocide Watch-ում, Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայում և իրավաբան փորձագետների շրջանում, ինչպիսին է ՄՔԴ նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, կասկած չունեն, որ հայերը բախվում են Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանության:
Մենք մեր անկեղծ համերաշխությունն ենք հայտնում Արցախի ժողովրդին, որի ինքնությունն ու կյանքը կարևոր են և պետք է պաշտպանվեն»,- նշված է կազմակերպության հայտարարությունում։