ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը X-ի իր էջում գրել է, որ ամիսներ շարունակ զգուշացնում էր Ադրբեջանի բացահայտ ցեղասպան արշավի մասին ԼՂ անմեղ խաղաղ բնակչության դեմ։
«Ադրբեջանը հերթական անգամ իրեն դրսևորեց որպես անողոք ագրեսոր ՝ Արցախում իրականացնելով սանձարձակ հարձակումներ, որոնց հետևանքով կան զոհեր, վիրավորներ ու ավերածություններ:
Մենք պետք է դադարեցնենք էթնիկ զտումները և Հայոց երկրորդ ցեղասպանությունը։ Բայդենի վարչակազմին կոչ եմ անում անհապաղ միջոցներ ձեռնարկել»,- գրել է կոնգրեսական ու նշել պատժամիջոցները:
«Նախ՝ նախագահ Բայդենը պետք է անձամբ զանգահարի Ալիևին և պահանջի դադարեցնել բոլոր ռազմական գործողություններն Արցախի դեմ։
Երկրորդ՝ մենք պետք է անհապաղ գործադրենք ԱՄՆ-ի պատժամիջոցները՝ ադրբեջանցի ագրեսորներին պատասխանատվության ենթարկելու համար, այդ թվում՝ օգտագործելով այնպիսի գործիքներ, ինչպիսիք են Մագնիտսկու ակտը և 7031c պատժամիջոցները։
Երրորդ՝ մենք պետք է անհապաղ դադարեցնենք ԱՄՆ-ի ցանկացած օգնություն Ադրբեջանին։
Վերջապես, պահանջեք անհապաղ տեղակայել անկախ դիտորդներ Արցախում»,- գրել է կոնգրեսականը։