Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանում ունեցած ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ սանձազերծած հարձակումներին։
Նա նկատել է, որ պատերազմի հետևանքները նկատելի են ոչ միայն մարդասիրական առումով դրանք ազդեցություն կունենան համաշխարհային մակարդակով գնաճի վրա։
Ֆերնանդեսի խոսքով՝ ինքն օրեր առաջ անդրադարձել էր Բաքվի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հարցին։
«Հենց այսօր, երբ անցկացվում է այս նստաշրջանը, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սանձազերծել ԼՂ-ն իր վերահսկողության տակ վերցնելու նպատակով»,- հայտարարել է Արգենտինայի նախագահը։
Այս մասին տեղեկանում ենք Բուենոս Այրեսի հայկական Diario Armenia կայքից:
Արգենտինայի նախագահն ընդգծել է՝ միջազգային հանրությունը չի կարող պասիվ մնալ նման իրողության առջև, այլ պետք է կանխարգելիչ քայլեր ձեռնարկի:
«Ինչպես միշտ, մենք շարունակում ենք պահանջել, որ կողմերը ճանապարհ գտնեն դեպի խաղաղություն»,- ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք՝ սեպտեմբերի 11-ին Ադրբեջանում Արգենտինայի դեսպան Մարիանխելես Բելուշին կանչել էին ԱԳՆ:
Դեսպանին բողոքի նոտա էին հանձնել G20-ի գագաթնաժողովում Ալբերտո Ֆեռնանդեսի արտահայտությունների կապակցությամբ: