Պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող մշտադիտարկմամբ արձանագրվել է, որ իրավապահ մարմինների կողմից կատարված առանձին հրապարակումներում ուղղակիորեն մատնանշվում են ենթադրյալ հանցանքների կատարման մեջ կասկածվող անձանց նույնականացնող տվյալներ՝ սոցիալական ցանցերում վերջիններիս օգտահաշիվների տվյալները, անունը, ազգանունը և այլ անձնական տվյալներ, իսկ որոշ դեպքերում նաև՝ անձանց լուսանկարները։
Այս առնչությամբ Պաշտպանն ընդգծում է, որ իրավապահ մարմինների կողմից քրեական վարույթի շրջանակներում ներգրավված անձին նույնականացնող տվյալների հրապարակումը պետք է բավարարի համապատասխան միջազգային և ներպետական չափանիշներին: Հակառակ դեպքում պետությունը կարող է խախտել անձնական կյանքի նկատմամբ հարգանքի հիմնարար իրավունքը: Այդ համատեքստում առանցքային է, որ նշված անձանց վերաբերելի տվյալների հրապարակումը կարող է իրականացվել միայն իրավաչափ նպատակի առկայության դեպքում, եթե դա բխում է անձնական տվյալների գաղտնիության շահի նկատմամբ գերակայող սոցիալական կարիքից, իսկ նման հրապարակումը պետք է համաչափ լինի հետապնդվող նպատակին։ Ընդ որում, այդպիսի հրապարակումները պետք է հնարավորինս սահմանափակվեն տվյալների այն շրջանակով, որոնց հրապարակումը խիստ անհրաժեշտ է՝ պայմանավորված տվյալ քրեական վարույթի առանձնահատկություններով։ Այդ է պահանջում նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը:
Ինչ վերաբերում է լուսանկարների հրապարակմանը, ապա ՄԻԵԴ նախադեպային իրավունքի համաձայն՝ այն դեպքերում, երբ լուսանկարի հրապարակումն ինքնին քրեական վարույթի շրջանակներում տեղեկատվական արժեք չունի, անհրաժեշտ են հատկապես ծանրակշիռ պատճառներ՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքին նման միջամտությունն իրավաչափ դիտարկելու համար։ Որպես նման հիմնավոր պատճառ՝ Եվրոպական դատարանի կողմից դիտարկվել է, օրինակ, փախուստի դիմած մեղադրյալի տվյալների հրապարակումը՝ հանրության կողմից վերջինիս նույնականացումն ապահովելու նպատակով։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Պաշտպանը կոչ է անում իրավասու պետական մարմիններին նմանատիպ հրապարակումները կատարելիս հաշվի առնել ներկայացված չափանիշները՝ անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի հնարավոր խախտումները բացառելու նպատակով։