Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրավիճակին:
«Արցախի Հանրապետության իշխանությունները պետք է շատ արագ ու համարձակ կերպով որոշումները կայացնեն ու հրապարակային կերպով ներկայացնեն ժողովրդին, որքան էլ դրանք ծանր լինեն, իսկ ժողովուրդը պետք է ըմբռնի իրավիճակից բխած այդ ճարահատյալ քայլը:
Այս պահին ընթացող արյունալի ցեղասպանությունը պետք է դադարեցնել րոպե առաջ, քանի որ զոհերի ու վիրավորների քանակն արագորեն աճում է, իսկ տարբեր ուղղություններով ադրբեջանական զորքի առաջխաղացումն ու հաջողությունները՝ զարգանում: Ժամանակը մեր դեմ է աշխատում, քանի որ ակնհայտ է, որ որևէ միջազգային դերակատար, այդ թվում՝ ռուսական ու ամերիկյան կողմերը, չեն ցանկանում կանգնեցնել պատերազմը. ինձ համար անառարկելի է, որ ՌԴ-ն, ԱՄՆ-ն ու ԵՄ-ն հանցավոր կերպով լրիվությամբ աջակցում են Արցախի ժողովրդին հպատակեցնելու ադրբեջանական օրակարգին: Այսպիսի աշխարհաքաղաքական ծանր պայմաններում և նման ծայրահեղ անհավասար պատերազմում մեր հերոս տղաները պարզապես չեն կարող էական արդյունք ապահովել՝ միայն իրենց քաջության ու կյանքերի գնով»,- գրել է նա: