Սեպտեմբերի 19-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Յուրի Քիմի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է նույն օրն առավոտյան Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի մանրամասները, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում առկա զոհերը: Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի այս և նախորդ գործողություններն անթաքույց նպատակ են հետապնդում ԼՂ-ն ենթարկել էթնիկ զտումների։
Արարատ Միրզոյանն ընդգծել է միջազգային գործընկերների, հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների կողմից հստակ և աներկբա գործողություններ իրականացնելու հրատապությունը՝ կանխելու Ադրբեջանի կողմից զանգվածային ոճրագործությունները: