Օրեր առաջ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Յուրի Քիմը՝ պետքարտուղարի եվրոպական հարցերով օգնականի պաշտոնակատարը, հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Լեռնային Ղարաբաղից հայերի էթնիկ զտման որևէ փորձ՝ X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում հիշեցրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
«Այժմ Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա և ռազմական գործողություն է սկսել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության դեմ։ Այժմ ԱՄՆ-ի հերթն է՝ որոշելու, թե ինչ միջոցներ կձեռնարկվեն թակարդում հայտնված և սոված մարդկանց վրա ագրեսիան և ռազմական հարձակումը կասեցնելու համար:
Բնականաբար, Ադրբեջանը կատարում է ևս մեկ ռազմական հանցագործություն՝ էթնիկ զտումներից բացի՝ սպանելով խաղաղ և անպաշտպան մարդկանց: Այս ամենը պետք է դատապարտվի և դադարեցվի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- նշել է Մարուքյանը։