ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 19-ին Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում իրականացվող զանգվածային ակցիաների ընթացքում հնչել են հանրապետությունում սահմանադրական կարգի տապալման, բռնություններ իրականացնելու կամ այդպիսիք արդարացնելու հրապարակային կոչեր, ինչպես նաև հավաքի կազմակերպիչների և մասնակիցների կողմից Կառավարության շենքի դիմաց իրականացվել են զանգվածային անկարգություններին բնորոշ գործողություններ՝ անտեսելով հավաքի մասնակիցների անվտանգությունը և հասարակական կարգի պաշտպանությունն իրականացնող ոստիկանության ծառայողների՝ նման գործողություններից զերծ մնալու օրինական պահանջները։ «Արձանագրված մի քանի դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել են համապատասխան քրեական վարույթներ, կան հանցավոր արարքներ կատարելու կասկածանքով ձերբակալվածներ։ Նկատի ունենալով, որ լարվածության մեծ լիցքեր պարունակող հավաքը շարունակվում է՝ ՀՀ քննչական կոմիտեն հավաքը վարողներին, մասնակիցներին, զգուշացնում է, որ հանրապետությունում ներքին կայունության, անվտանգության, իրավակարգի, սահմանադրական և հասարակական կարգի դեմ ուղղված հանցավոր ցանկացած ոտնձգության հետևելու է համաչափ և իրավաչափ քրեաիրավական գնահատական։ ՀՀ քննչական կոմիտեն իր լիազորությունների ամբողջ ծավալով իրականացնելու է քրեական վարույթների շրջանակներում հանցավոր արարքներ կատարող բոլոր անձանց հայտնաբերելուն և քրեական պատասխանատվության ենթարկելուն ուղղված իր գործառույթները։
ՀՀ քաղաքացիներին հորդորում ենք հատկապես հայրենիքի և պետականության համար լուրջ մարտահրավերներ պարունակող ներկայիս իրավիճակում պահպանել զգոնություն և սթափություն, դրսևորել քաղաքացիական բարձր պատասխանատվություն, զերծ մնալ պետականության հիմքերին հարվածող՝ սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողությունների մեջ ներգրավվելուց, տուրք չտալ բռնություններ իրականացնելուն ուղղված հրապարակային կոչերին, չտարածել առցանց հարթակներում հանցածին լուրջ պոտենցիալ ունեցող՝ ատելություն և թշնամանք գերենացնող բովանդակություն»,- ասված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։