Անկարան երբեք չի ապավինել Եվրամիության օգնությանը և չի տեսնում դրա անհրաժեշտությունը՝ PBS հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահը։
Մեկնաբանելով Եվրամիությանն անդամակցությունից հրաժարվելու հավանականությունը՝ Ռեջեփ Էրդողանը նշել է. «Վերջին 50 տարվա ընթացքում Թուրքիան կանգնած է Եվրամիության դռների առջև, սակայն մենք երբեք հույս չենք դրել կառույցի միջոցների վրա»։ Էրդողանը, այնուհանդերձ, ընդգծել է՝ Անկարան դեռ մտադիր չէ հրաժարվել Եվրամիությանն անդամակցությունից:
Նա հավելել է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը և Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրումը փոխկապակցված չեն։ «Անկարան բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտին, սակայն Ստոկհոլմը պետք է կատարի իր խոստումները և թույլ չտա, որ ահաբեկիչներն ազատորեն շրջեն Շվեդիայի փողոցներում»,- ասել է Թուրքիայի նախագահը։
Նա անդրադարձել է Մոսկվա-Անկարա հարաբերություններին, նշել՝ վստահում է Ռուսաստանին ոչ պակաս, քան Արևմուտքին: «Թուրքիա բնական գազի մատակարարումների կեսը ստացվում է Ռուսաստանից, գործակցում ենք նաև պաշտպանական արդյունաբերության ոլորտում: Ռուսաստանը մեր ամենամոտ հարևաններից մեկն է»,- հավելել է Էրդողանը։
Պատասխանելով հարցին՝ արդյոք ուկրաինական կողմին կհաջողվի դուրս մղել Ռուսաստանին Ղրիմից՝ Էրդողանն ընդգծել է. «Դեռ 2014 թվականին ես քննարկումներ եմ ունեցել Պուտինի հետ, բայց չեմ կարողացել ստիպել նրան դուրս գալ Ղրիմից։ Կարծում եմ՝ առայժմ դա հնարավոր չէ»: