Ուկրաինան հայցեր է ներկայացրել Առևտրի համաշխարհային կազմակերպություն Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի դեմ, որոնք արգելել են ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ներմուծումը:
«Կիևն ԱՀԿ շրջանակներում Սլովակիայի, Լեհաստանի և Հունգարիայի հետ խորհրդակցություններ անցկացնելու պահանջներ է ներկայացրել»,- ասված է Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոյի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ Ուկրաինան Եվրամիության անդամ երեք երկրների կողմից իրենց միջազգային պարտավորությունների խախտում է տեսնում։
Լեհաստանի կառավարության մամուլի քարտուղար Պյոտր Մյուլլերը, արձագանքելով Կիևի որոշմանը, հայտարարել է, որ այն չի ստիպի Վարշավային վերացնել ուկրաինական հացահատիկի մատակարարման էմբարգոն, քանի որ դա բխում է Լեհաստանի տնտեսական շահերից։
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոն Քիրբին ևս ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Ուկրաինայից հացահատիկի ներկրման արգելքի հետ կապված իրավիճակը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը ճիշտ չի համարում ճնշում գործադրել Եվրոպայի երկրների վրա իրենց ինքնիշխան որոշման պատճառով:
Ռումինիայի վարչապետ Մարչել Չոլակուն էլ հայտարարել է, որ իր երկիրը 30 օրով կերկարաձգի ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի ներկրման արգելքը: