Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նիստի ընթացքում քննարկվել են վերջին իրադարձությունները Հարավային Կովկասում՝ հայտնել է հանձնաժողովի խոսնակ Աբոլֆազլ Ամոույին։
«Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի միջազգային համագործակցության գծով տեղակալ Ամիր Ահադին զեկույց է ներկայացրել ադրբեջանցի և հայ գործընկերների հետ ունեցած բազմաթիվ հաղորդակցությունների մասին և ընդգծել, որ Իրանը ուշադիր հետևում է Կովկասի անվտանգության միջավայրի զարգացումներին և ուժեղացնելով պաշտպանական դիվանագիտությունը՝ հետամուտ է իր ազգային անվտանգության ապահովմանը»,- ISNA գործակալության փոխանցմամբ՝ նշել է պաշտոնյան։
Նրա խոսքով՝ նիստի մասնակիցները նշել են, որ տարածաշրջանի աշխարհաքաղաքական սահմանները ոչ մի դեպքում փոփոխման ենթակա չեն։
Ամոույին հայտնել է․ «Իրանի ԱԳ նախարարի օգնական Դեմիրչիլուն, անդրադառնալով Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման միջադեպին, նշել է, որ երկու երկրների միջև տեղի է ունեցել պատվիրակությունների փոխանակում, և, ի վերջո, հանցագործին մեղադրանք է առաջադրվել»։