Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ տեղի է ունենում «հակաահաբեկչական գործողություն», և քաղաքացիական ենթակառուցվածքներին, քաղաքացիներին հարված չի հասցվում, ապա հարց է ծագում՝ ինչո՞ւ են նրանք հայտարարում մարդկանց՝ ԼՂ-ից դուրս գալու համար մարդասիրական միջանցք բացելու մասին: Այդ մասին իր տեսաուղերձի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում Ադրբեջանի կողմից մեկնարկած գործողություններին:
«Եթե նրանց ասածն իրականության հետ կապ ունենար, ընդհակառակը, պիտի հորդորեին քաղաքացիներին մնալ ապաստարաններում և դուրս չգալ այնպիսի վայրեր, որտեղ նրանք ակամայից կարող են խոցվել»,- ասաց վարչապետը, ապա նաև հավելեց, որ այդ տրամաբանությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը, ըստ էության, մեկնարկել է ԼՂ հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան։