Ադրբեջանը ռմբակոծում է Լեռնային Ղարաբաղը, այդ թվում՝ Ստեփանակերտը: Քաղաքում հայտարարվել է օդային տագնապ: Հարձակման մասին հայտնում են թե՛ տեղի բնակիչները, թե՛ պաշտոնական Բաքուն:
Ադրբեջանի Զինված ուժերի տարածած հաղորդագրությամբ՝ Բաքուն խաղաղ բնակչության հրետակոծությունը անվանում է «հակաահաբեկչական գործողություն», որի նպատակը «Սահմանադրական կարգի վերականգնումն» է համարում և ընդգծում, որ օպերացիայի մասին տեղյակ են պահել ռուս խաղաղապահներին և ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի ղեկավարությանը:
Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ժամը 11։10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։
Գերատեսչությունը հերքել է ադրբեջանական հաղորդագրությունը, թե ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումներն են Ասկերանի շրջանում խախտել հրադադարը:
Նախարարությունն ավելի վաղ հերքել էր նաև, թե պաշտպանության բանակը գիշերը կրակել է Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
Ռազմական գերատեսչությունը նաև հերքել է Ադրբեջանի ԱԱԾ հաղորդագրությունը, թե իբր իրենց ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի 58-րդ կմ-ի հատվածում հակատանկային ական տեղադրել, որի պայթյունի հետևանքով երեկ՝ ժամը 3:45-ի սահմանում, երկու քաղաքացիական անձ է մահացել: