ԵԽԽՎ նախագահ Թինի Քոքսը հայտարարություն է տարածել՝ կապված Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետ:
«Ես խորապես ցնցված եմ այսօր Լեռնային Ղարաբաղում նոր ագրեսիվ ռազմական գործողություն սկսելու Ադրբեջանի կառավարության որոշումից։ Մի քանի ժամվա ընթացքում այն հանգեցրեց զոհերի խաղաղ բնակիչների շրջանում: Ես խստորեն դատապարտում եմ այդ գործողությունները և կոչ եմ անում Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ դադարեցնել կրակը:
Ամիսներ շարունակ մենք ականատես ենք եղել և կոչ ենք արել վերջ տալ տարածաշրջանում արագորեն վատթարացող հումանիտար իրավիճակին՝ Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով։
Բարդ է պատկերացնել, որ հենց այն պահին, երբ Լեռնային Ղարաբաղ մարդասիրական բեռների փոխադրման հետ կապված իրավիճակը կարծես բարելավվում էր, և հույսի նշույլ էր ծագել, Ադրբեջանը որոշեց սկսել ուժի այս ցուցադրությունը։
Սա, անկասկած, լուրջ հարված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու հեռանկարներին։ Ակնհայտ է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ ճանապարհով, երկխոսության և բարի կամքի միանշանակ ազդակների, ինչպես նաև կիրառելի միջազգային իրավունքի հիման վրա՝ այնտեղ ապրող յուրաքանչյուր մարդու իրավունքների լիարժեք հարգմամբ»: