ՀՀ ՔԿ-ից տեղեկացնում են, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Տիգրան Խաչատուրի Ուրիխանյանը Ֆեյսբուք սոցիալական կայքի իր էջում, www.youtube.com կայքի «Тигран Уриханян» վերնագրով և «Ալյանս առաջադիմական ցենտրիստական կուսակցություն» գրառմամբ տիտղոսային պատկերով օգտահաշիվներով հրապարակել է «Կոչ եմ անում դուրս գալ փողոց» վերտառությամբ տեսագրությունը, որի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանում պարունակվում եմ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր:
Վերոգրյալի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվում է նախաքննություն:
Սոցիալական հարթակներում առկա են նման բովանդակության այլ հրապարակումներ ևս, որոնք ներկա պահին ուսումնասիրվում են։
ՀՀ քննչական կոմիտեն հանրությանը կոչ է անում դրսևորել օրինապաշտ, իրավահպատակ վարքագիծ, զերծ մնալ հակաիրավական, պետության անվտանգության և սահմանադրական կարգի դեմ ուղղված գործողություններից, դրանց դիմելուն ուղղված կոչեր հնչեցնելուց։
Ցանկացած առերևույթ հանցավոր դրսևորման տրվելու է համաչափ քրեաիրավական գնահատական։