Ադրբեջանը, ըստ էության, մեկնարկել է ԼՂ-ում հայությանը էթնիկ զտումների ենթարկելու ցամաքային օպերացիան: Այդ մասին տեսաուղերձի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի մեկնարկած գործողություններին:
«Ինչպես ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշված է, կարծում ենք, որ առաջինը ՌԴ խաղաղապահ ուժերը պետք է միջոցներ ձեռնարկեն, և երկրորդը ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նույնպես ակնկալում ենք, որ միջոցներ կձեռնարկի»,- ասաց նա՝ նկատելով, որ Հայաստանում կան մեկնաբանություններ, որոնք իրավիճակը կապում են Հայաստանի այս կամ այն որոշման հետ:
«Հայաստանի Հանրապետությունը որևէ մեկին ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնելու մանդատ չի տվել, և մեր մշտական խնդիրը եղել է և շարունակում է մնալ ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովումը: Եվ դա է եղել մշտապես մեր օրակարգում»,- ասաց վարչապետը: