ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի շրջակա միջավայրի հանձնաժողովի նախագահ Յանա Կրուտակովայի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
«Հայաստանը մեծապես արժևորում է Չեխիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում»,- ասել է Հակոբ Արշակյանը՝ ողջունելով պատվիրակության անդամներին Հայաստանի խորհրդարանում:
ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի վերաբերյալ բանաձևերի ընդունումը: Նա հույս է հայտնել, որ չեխ գործընկերները կշարունակեն աջակցել հայ ժողովրդին և նպաստել ռազմագերիների վերադարձին:
Հակոբ Արշակյանը գոհունակությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ հինգ տարի դադարից հետո վերաբացվել է Պրահա-Երևան օդային հաղորդակցութունը: Նա համոզմունք է հայտնել, որ այն դրական ազդեցություն կունենա մի շարք ոլորտների զարգացման համար:
Արժևորելով Հայաստանի Ազգային ժողովի և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատում գործող բարեկամական խմբերի միջև ծավալված արդյունավետ համագործակցությունը՝ Հակոբ Արշակյանը նշել է, որ Չեխիայի Սենատի փոխնախագահի հրավերով հոկտեմբերին այցելելու է Չեխիա: Նա հույս է հայտնել, որ այցը կնպաստի երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության ամրապնդմանը:
Յանա Կրուտակովան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջև հաջողվել է զարգացնել ամուր միջպետական հարաբերություններ և օրակարգ՝ ակտիվ քաղաքական երկխոսությունից մինչև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցություն:
Քննարկվել են համագործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: