Ստեփանակերտի «Արևիկ» մանկական հիվանդանոցից «Լուրերին» հայտնել են, որ իրենց մոտ են տեղափոխվել վիրավոր երեխաներ։ Նրանց վիճակի վերաբերյալ մանրամասներ բուժկենտրոնից չեն հայտնել։
Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր գյուղի հրետակոծության հետևանքով երեխաներ են վիրավորվել, որոնք տեղափոխվել են Ստեփանակերտ:
Ինչպես տեղեկացրել էինք՝ Ադրբեջանը ռմբակոծում է Լեռնային Ղարաբաղը, այդ թվում՝ Ստեփանակերտը: Քաղաքում հայտարարվել է օդային տագնապ: Հարձակման մասին հայտնում են թե՛ տեղի բնակիչները, թե՛ պաշտոնական Բաքուն: Ադրբեջանի Զինված ուժերի տարածած հաղորդագրությամբ՝ Բաքուն խաղաղ բնակչության հրետակոծությունն անվանում է «հակաահաբեկչական գործողություն», որի նպատակը «Սահմանադրական կարգի վերականգնումն» է համարում և ընդգծում, որ օպերացիայի մասին տեղյակ են պահել ռուս խաղաղապահներին և ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի ղեկավարությանը:
ԼՂ ՊՆ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը շփման գծի ամբողջ երկայնքով խախտել է հրադադարը՝ հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։
ԼՂ բնակիչները տարածել են կադրեր, որոնցում լսվում են հրետակոծության և ԱԹՍ-ի աշխատանքի ձայներ, Ստեփանակերտին մոտ բարձունքներում երևում են պայթյուններ:
ԼՂ ՊՆ ավելի ուշ հայտենել էր, որ ժամը 13։00֊ի սահմաններում, ադրբեջանական զինուժը, շփման գծի ամբողջ երկայնքով իրականացնելով հրթիռահրետանային նախապատրաստություն, փորձում է առաջանալ ԼՂ ՊԲ պաշտպանության խորքը։ Յուրային զորքերը ցուցաբերում են համառ դիմադրություն։