Կիևը որոշել է դատի տալ Լեհաստանին, Հունգարիային և Սլովակիային՝ ուկրաինական գյուղատնտեսական արտադրանքի արգելքի չեղարկումը մերժելու համար: Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի առևտրային ներկայացուցիչ Տարաս Կաչկան Politico-ի հետ հարցազրույցում։
Լեհաստանի խորհրդարանական արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Ռադոսլավ Ֆոգելը ոչ խելամիտ է համարել Հունգարիա, Լեհաստան և Սլովենիա հացահատիկի ներմուծման արգելքի երկարաձգման առնչությամբ Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ) հայց ներկայացնելու Կիևի որոշումը:
Նա զգուշացրել է, որ Ուկրաինայի իշխանությունների գործողությունները «վատ արձագանք կունենան Լեհաստանում», միաժամանակ ընդգծել է, որ Վարշավան առաջին հերթին մտահոգված է տեղացի ֆերմերների բարեկեցությամբ, և իշխանությունների ընդունած որոշումները թելադրված են Լեհաստանի շահերը պաշտպանելու մտադրություններով։
Ռումինիայի վարչապետն էլ սպառնացել է Կիևին, որ 30 օրով կերկարաձգի ուկրաինական հացահատիկի ներկրման արգելքը, եթե նորից Ուկրաինայից ռումինական շուկա գյուղմթերք մատակարարելու հայտեր ստացվեն։
Սեպտեմբերի 15-ին դադարել է գործել Ուկրաինայից հարևան հինգ երկրների տարածք ուկրաինական ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի սերմերի մատակարարումների հանդեպ Եվրահանձնաժողովի սահմանած արգելքը։ Դրանից հետո Հունգարիան, Սլովակիան և Լեհաստանը հայտարարել են ազգային մակարդակով ուկրաինական ապրանքների ներմուծման արգելք մտցնելու մասին, սակայն Ռումինիայի և Բուլղարիայի իշխանությունները ձեռնպահ են մնացել նման քայլից։