«Ազգային առաջընթաց» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն անդրադարձել է Երևանի ավագանու ընտրությանը և ներկայացրել իրենց թիմի առաջարկները՝ կապված հետագա անելիքների հետ։
«Քիչ առաջ տեղի ունեցավ մեր ֆրակցիայի նիստը, որի ժամանակ որոշում կայացվեց: Չորս ընդդիմադիր ուժերն ունեն քաղաքական, գաղափարական, տարաձայնություններ, իսկ մեր ուժն այս ընդդիմադիր ուժերից առաջին տեղն է գրավել քվեարկության արդյունքում, և մենք առաջարկում ենք, որ մենք առաջադրենք քաղաքապետի թեկնածու: Խոսքը իմ մասին է, և մնացած ընդդիմադիր երեք ուժերը առանց կոալիցիաներ կազմելու, առանց ստվերային պայմանավորվածությունների և նախապայմանների գան և քվեարկեն այս թեկնածուի համար»,- ասաց նա:
Նա ընդգծել է՝ եթե ինչ-ինչ պատճառներով ընդդիմադիր երեք ուժերը համաձայն չեն իրենց առաջարկին, ապա կարող են գնալ նոր քաղաքային ընտրությունների: Հիշեցնենք՝ Երևանի ավագանու ընտրության նախնական արդյունքներով՝ քաղաքական ոչ մի ուժ մեծամասնություն չի ստանում: Անցողիկ շեմը՝ կուսակցությունների համար 4, դաշինքների համար 6 տոկոսը հաղթահարել է 5 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն՝ մասնակիցների 32․57 տոկոս, «Ազգային առաջընթաց» կուսակցություն՝ մասնակիցների 18․89 տոկոս, «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք՝ մասնակիցների 15․43 տոկոս, «Հանրապետություն» կուսակցություն՝ մասնակիցների 11․32 տոկոս, «Հանրային ձայն» կուսակցություն՝ մասնակիցների 9․68 տոկոս։