Ըմբիշ Արսեն Հարությունյանը աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է․ նա նաև Օլիմպիական խաղերի ուղեգիր է ապահովել Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: ՀՀ ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Եվրոպայի եռակի չեմպիոն Արսեն Հարությունյանը 57 կգ քաշայինների բրոնզե մեդալի համար գոտեմարտում ուժերը չափել է Ղազախստանի ներկայացուցիչ Մեիրամբեկ Կարբաուի հետ ու 11:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել:
Սա Հարությունյանի երրորդ բրոնզե մեդալն էր աշխարհի առաջնություններում:
Այսպիսով, Արսեն Հարությունյանն ապահովել է իր մասնակցությունը Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերին։ Մինչ այս, Հայաստանից ՕԽ ուղեգիր էր նվաճել նաև հրաձիգ Էլմիրա Կարապետյանը:
Այսօր ավելի վաղ պայքարի դուրս եկած մեր մյուս ըմբիշներից բրոնզե մեդալին մոտ է նաև Եվրոպայի գործող չեմպիոն Վազգեն Թևանյանը (65 կգ): Հայ ըմբիշը երեք տպավորիչ հաղթանակներ տանելուց հետո դուրս էր եկել կիսաեզրափակիչ, որտեղ, սակայն, զիջել է մրցակցին ու կպայքարի բրոնզե մեդալի համար: