Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 08։36-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծակ քար կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Քաջարան հատվածի 21 կմ-ին Lexus մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Հ․, ծնված 1960 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից մոտ 15 մետր սահել հարակից ձորակը և կողաշրջվել։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը հոսպիտալացվել է Մեղրիի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են կայուն:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել ավտոմեքենան։