Սեպտեմբերի 18-ին ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում ընդունել է Լիտվայի և Լատվիայի պատվիրակություններին՝ Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելայի գլխավորությամբ։
Ինչպես տեղեկացնում են ՆԳՆ-ից՝ ողջունելով հյուրերին՝ նախարարը բարձր է գնահատել արդեն իսկ ձևավորված բարեկամական և արդյունավետ հարաբերությունները, նշելով, որ այս հանդիպումը ևս դրա վկայությունն է։
Վահե Ղազարյանը կարևորել է Եվրոպական միության Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում Լիտվայի և Լատվիայի Հանրապետությունների կողմից իրականացվող «Աջակցություն Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ծրագիրը, ինչի հիմնական նպատակն է աջակցել ՀՀ ՆԳ նախարարության կազմավորմանն ու ենթակա երեք մարմիններում ընթացող լայնածավալ բարեփոխումներին։
Վահե Ղազարյանը արձանագրել է, նաև որ ծրագիրը նոր մակարդակի կբարձրացնի նաև երկկողմ ոստիկանական կառույցների միջև փոխգործակցությունը և կնպաստի համագործակցության զարգացմանը և կարողությունների ուժեղացմանը։
Լիտվայի ոստիկանության գլխավոր կոմիսար-գեներալ Ռենատաս Պոժելան և Լատվիայի պետական ոստիկանության պետի տեղակալ Նորմունդս Գռուբիսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ներկայացրել են ծրագրի շրջանակներում արդեն իսկ իրականացված աշխատանքները։ Նրանք պատրաստակամություն են հայտնել շարունակել միջոցառումները, որոնք ուղղված են ՀՀ ներքին գործերի նախարարության կազմավորմանն ու ենթակա ծառայությունների բարեփոխումներին։
Հանդիպմանը քննարկվել են նաև ինչպես երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր։