Սեպտեմբերի 18-ին նախարար Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստան-ԱՄԷ գործարար համաժողովին, որը կազմակերպվել էր «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի, Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի կողմից։ Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
«ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև առևտրաշրջանառությունը տարեցտարի ավելանում է, ինչի մասին են վկայում վիճակագրական տվյալները։ Այսպես, Հայաստան-ԱՄԷ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2022 թ․ կազմել է առավել քան 1 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ 2023 թ․ հունվար-հուլիսին այդ ցուցանիշն արդեն իսկ կազմել է շուրջ 870 մլն ԱՄՆ դոլար՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3 անգամ»,- նշել է Վահան Քերոբյանը։
Միջոցառմանը ելույթով հանդես են եկել նաև ՀՀ-ում ԱՄԷ դեսպան Նարիման Մուհամմեդ Շարիֆ Ալ Մուլլան, «Էնթերփրայզ Արմենիայի» գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը և ԱՄԷ պատվիրակության ղեկավար, ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի նախագահ Աբդուլլահ Ալ Մազրուին։
Համաժողովի շրջանակներում ստորագրվել են փոխըմբռնման հուշագրեր «Էնթերփրայզ Արմենիայի» և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և ԱՄԷ առևտրաարդյունաբերական պալատների ֆեդերացիայի միջև, Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի և ԱՄԷ գործարար կանանց խորհրդի միջև։
Համաժողովի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են Հայաստանի ներդրումային գրավչությունն ու բիզնես հնարավորությունները, ինչպես նաև Հայաստանում էմիրաթական կապիտալով գործող ընկերությունների հաջողության պատմությունները։