«Բազմաթիվ են դեպքերը, երբ առողջապահական համակարգի հետ առնչվելիս պացիենտները բախվում են էթիկայի կանոնների չարաշահմանը: Ընդ որում՝ էթիկայի կանոնները բուժաշխատողները երբեմն խախտում են ոչ միայն պացիենտի, այլև իրենց գործընկերների նկատմամբ»,- կարևորելով այս հարցին լուծում տալը՝ նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը Եվրոպայի խորհրդի կազմակերպած երկօրյա դասընթացի ժամանակ: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Բուժաշխատողների մասնագիտական էթիկայի նորաստեղծ հանձնաժողովի անդամներն ու առողջապահության նախարարության ներկայացուցիչները կարողությունների և հմտությունների զարգացման, ոլորտում կիրառվող եվրոպական լավագույն փորձին ծանոթանալու հնարավորություն են ունեցել:
Դասընթացին քննարկվել է առողջապահության ոլորտի մասնագետների էթիկայի կանոնների և էթիկայի հանձնաժողովների եվրոպական և ազգային չափանիշները, ներկայացվել է այդ ոլորտներում Շվեդիայի, Ֆրանսիայի և Մալթայի փորձը: