Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մեղադրանքներին, թե իշխանությունները Արցախի հարցում նահանջել են՝ իջեցնելով նշաձողը:
«Ոչ, ընդհակառակը: Կարծում եմ՝ ընդհակառակը՝ կա ճշմարտությունն ասելու և ճշմարտությունը լսելու պատրաստակամության խնդիր: Մենք հասել ենք այն հանգրվանին, որ իրականում պետք է կարողանանք ԼՂ-ում ապրող մեր հայրենակիցների անվտանգության հարցը լուծել: Որևէ մեկնաբանություն, որն ուղղված է նրան, թե իշխանությունը մոռացել է, դրանով չի զբաղվում, իրականության հետ ընդհանրապես կապ չունի: Մեր ժամանակի մեծ մասը նվիրված է հենց դրան: Շատ բարդ բանակցային գործընթաց է ընթանում, շատ բարդ իրավիճակ է, խնդրում եմ դա էլ հաշվի առնել։ Որևէ մեկի մտքով թող չանցնի, որ այդպիսի տրամադրություններ կան իշխանությունում: Չի եղել և չի էլ կարող լինել»,- ասաց նախագահը:
Ինչ վերաբերում է խաղաղության հնարավոր պայմանագրի կնքման հարցում առաջացած տարաձայնություններին, նախագահը նկատեց՝ դրանք հիմնական հարցի շուրջ են՝ վերաբերում են հենց Լեռնային Ղարաբաղին:
Խաչատուրյանը չցանկացավ փակագծեր բացել՝ գործընթացին չվնասելու համար, քանի որ ադրբեջանական կողմը հաճախ է հղում անում հայկական կողմի պաշտոնյաների հայտարարություններին:
«Մեր ձգտումն է հնարավորինս շուտ խաղաղության համաձայնագրի ստորագրումը»,- ասաց նախագահը:
Նրա խոսքով՝ դա թույլ կտա ունենալ վստահելի միջավայր, որտեղ վաղվա հետ կապված որևէ խնդիր չենք ունենա: