ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն է կատարել 7/46 ընտրատեղամասում, այնուհետև պատասխանել է լրագրողների հարցերին:
Նախագահի խոսքով՝ ինքը քվեարկել է հանուն բարեկեցիկ, գեղեցիկ, հարմարավետ Երևանի:
«Վստահ եմ, որ մենք հենց այս ընտրությունների հնարավորությամբ կարող ենք հասնել նրան, ինչին ձգտում ենք, և այսօր այդ հնարավորությունը կա՝ մասնակցել, ազատ ընտրություն կատարել: Փառք Աստծո, թեկնածուները շատ են»,- ասաց նա:
Խաչատուրյանը նկատեց՝ բոլորս էլ ցանկանում ենք տեսնել այն Երևանը, որ բոլորիս երազանքի մեջ կա:
«Դրա մեջ ամեն ինչ մտնում է՝ և՛ քաղաքաշինություն, և՛ անվտանգություն, և՛ ճարտարապետություն, հարմարավետություն և գեղեցկություն: Ուզում ենք ապրել այնպիսի մի քաղաքում, որն իր ամեն ինչով, ենթակառուցվածքներով ժամանակակից քաղաքի ստանդարտների մեջ է մտնում, որը շատ դժվար է անելը, որովհետև յուրահատուկ վերաբերմունք է պահանջում»,- ասաց նա:
Լրագրողներից մեկի հարցին՝ ինչո՞վ են այս ընտրությունները տարբերվում Երևանի քաղաքապետի այլ ընտրություններից, Վահագն Խաչատուրյանը պատասխանեց․ «Գիտեք, գաղտնիք չէ, շատ ավելի քաղաքականացված, շատ ավելի սրված՝ հաշվի առնելով նաև արտաքին միջավայրը: Երևի դա, իհարկե, մի հանգամանք էլ կա, որ ինչ-որ ձևով ստվերում է, որ մենք՝ քաղաքացիներս, ուշադրությունը հենց քաղաքային խնդիրներին դարձնենք: Ես կուզեի, որ մենք իրապես ավելի խաղաղ, հանգիստ միջավայրում ընտրություններ անցկացնեինք և դրանով տեղական ընտրությունները տարբերեինք համապետական ընտրությունից:
Բայց նաև քանի որ մեզ մոտ ընտրական համակարգն այնպիսին է, որ համայնքային ընտրությունը քաղաքական ընտրություն է արդեն դարձել, տարբերությունը երևի դա է»:
Հարցին՝ արդյոք նախագահը որևէ խախտում ֆիքսե՞լ է այս քարոզարշավի ընթացքում, Խաչատուրյանը տվեց բացասական պատասխան:
«Ընդհակառակը՝ ես հեռուստացույցով 1-2 մեծ հաղորդում եմ նայել, որոնց մասնակցում էին ցուցակի առաջին դեմքերը կամ նրանց փոխարինողները: Զարմանալի էր, որ կարողանում էին այդ քննարկումները 2 ժամից ավելի այդպես կազմակերպել: Նախկինում դրանք սովորաբար վերածվում էին անկազմակերպ մի բանավեճի, և մարդիկ չէին կարողանում նույնիսկ մտքեր արտահայտել: Բայց այդ առումով մեզ հնարավորություն տրվեց գնահատել, թե ով ինչի է ընդունակ, որ թեկնածուն կամ նրա թիմը ինչ է պատրաստ անել: Այդ առումով ես համարում եմ նույնիսկ ավելի հաջողված»,- հավելեց նախագահը՝ ընդգծելով, որ անհնագստություն չունի, թե ընտրությունը կարող է ընթանալ ոչ թափանցիկ։
«Ես անհանգստություն չունեմ և չի էլ կարող այդպիսի բան լինել: Ի վերջո, ՀՀ 2018 թվականի ձեռքբերումներից ամենակարևոր ձեռքբերումը հենց ազատ ընտրությունների ազատ անցկացումն էր: Նահանջ չկա»,- ընդգծեց ՀՀ նախագահը: