Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է՝ Ադրբեջանի հետ ամուր խաղաղության հաստատումը պահանջում է վստահության վերականգնում, դրա համար Բաքուն պետք է ազատ արձակի գերիներին և զորքերը հետ քաշի մինչև 1975 թվականի սահմանագիծը:
«Ամուր խաղաղության հասնելու համար անհրաժեշտ է վերականգնել վստահությունը, Ադրբեջանը պետք է հետ քաշի զորքերը Հայաստանի տարածքներից մինչև 1975 թվականի սահմանագիծը:
Բացի դրանից՝ Ադրբեջանը ձախողել է բոլոր ռազմագերիների փոխանակման գործընթացը, դրանից հետո նոր ռազմագերիներ է վերցնում, դատական գործընթացներ նախաձեռնում: Վստահությունը վերականգնելու համար անհրաժեշտ է ազատել բոլոր ռազմագերիներին»,- ասել է Մարուքյանը:
Նա ընդգծել է՝ չափազանց կարևոր է Ադրբեջանի կողմից վստահության քայլեր ձեռնարկելը հայկական կողմի քայլերին ի պատասխան:
«Գործընթացը միակողմանի չի կարող լինել»,- ընդգծել է Մարուքյանը:
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանի խոսքով՝ վստահության վերականգման համար հարկավոր է բացել Լաչինի միջանցքը: