Ողջ օրվա ընթացքում մենք տեղամասերում միջադեպ, որպես այդպիսին, չենք ունեցել. ունեցել ենք ազատ, հանգիստ ընտրություններ։ Այդ մասին «Լուրերին» ասաց ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Այո՛, մասնակցության ցուցանիշը ցածր է, բայց ինձ համար կարևորը, որ բոլոր ընտրողները եղել են ազատ, ազատ մտել են ընտրատեղամաս առանց որևէ խոչընդոտի կամ դրսում կուտակումների, ազատ, գաղտնի քվեարկել են։ Իրենց ընտրությունը կատարել, գնացել են, ու այս ամբողջ պրոցեսը եղել է իրական ժամանակում ուղիղ հեռարձակմամբ»,- ասաց ԿԸՀ նախագահը։
Խոսելով ընտրողների ցածր մասնակցության, իր տպավորությամբ՝ օբյեկտիվ պատճառներից՝ Վահագն Հովակիմյանն ասաց. «Եթե նայենք աշխարհի փորձը, ազատ և ժողովրդավարական ընտրություններին ընդհանրապես մասնակցությունը միշտ ցածր է ի համեմատություն այլ երկրների, որտեղ ընտրությունները չեն գնահատվում ազատ և ժողովրդավարական, որովհետև ինքը՝ ազատությունը և ժողովրդավարությունը ենթադրում են, որ մարդը ազատորեն որոշում է՝ քվեարկի՞, թե՞ ոչ։ Ուղղակի չի ուզում՝ չի գնում. երիտասարդների մեծ մասին կարող են չհետաքրքրել ընտրությունները։ Նայեք ժողովրդավարական պետությունների փորձը. իրենց մոտ ընտրության մասնակցության ցուցանիշը ցածր է»։
Անդրադառնալով հետընտրական գործընթացներին՝ նա նշեց. «Այսօր և մինչև առավոտյան, երբ որ մենք կավարտենք, պետք է նախնական արդյունքները ամփոփենք։ Երբ որ արդյունքները պարզ կլինեն, դրանից հետո ԿԸՀ-ն վաղը առավոտյան նիստ կհրավիրի նախնական արդյունքները հաստատելու նպատակով: Անկախ նրանից՝ կլինե՞ն, թե՞ չեն լինի վերահաշվարկի դիմումներ, ԸՕ-ն պահանջում է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները վիճակահանությամբ իրականացնեն վերահաշվարկներ։ Առաջիկա 2 օրերին այդ հարցի պատասխանը կունենանք՝ վերահաշվարկի դիմումներ կա՞ն, թե՞ միայն վիճակահանությամբ կիրականացվեն վերահաշվարկներ»։