Ընտրությունների օրը՝ 08։00-ից սկսած մինչև ավարտը՝ 20։00-ն, ոստիկանությունը ստացել է 30 հաղորդում, որից 3-ը՝ հանցագործության վերաբերյալ։ Այդ մասին «Լուրերին» ասաց ՆԳՆ ոստիկանության շտաբի պետ Արմեն Մկրտչյանը։
Դրանք ուղարկվել են ՀՀ ՔԿ՝ վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար, իսկ մնացած 27-ը հանցագործության առերևույթ հատկանիշներ չպարունակող տեղեկություններ են եղել, որոնք ստուգվում են ոստիկանության կողմից։
Անդրադառնալով ուղղորդումների վերաբերյալ տեղեկություններին՝ ոստիկանության շտաբի պետն ասաց, որ անմիջապես ոստիկանության կողմից ձեռնարկվել են համապատախան միջոցներ, սակայն հանցագործության վերաբերյալ առերևույթ հատկանիշներ պարունակող տեղեկություններ չեն պարզվել։ «Այդուհանդերձ, ստուգումները կշարունակվեն, և եթե լինեն արդյունքներ, լրացուցիչ տեղեկություն ոստիկանության կողմից կտրամադրվի»,- նշեց նա։
Համեմատելով այս ընտրություններին ստացվող ահազանգերի թիվը նախորդ՝ 2018 թվականի ընտրության խախտումների ահազանգերի թվի հետ՝ Արմեն Մկրտչյանն ասաց, որ թեև տեղեկատվությունը շարունակում է ամփոփվել, սակայն այս պահի դրությամբ կարելի է փաստել, որ իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների ստացման առումով նկատվում է որոշակի պասիվություն Երևանի նախորդ ավագանու ընտրությունների նկատմամբ։ «Ավելի ստույգ և մանրամասն թվային պատկեր կունենանք ավելի ուշ, և հնարավոր կլինի ճշգրիտ արդեն համադրել և ունենալ հստակ պատկեր»,- նշեց նա։